Դատավորին նախազգուշացում է հայտարարվել. փաստաբանը դժգոհ է ԱԽ որոշումից

Փետրվարի 3-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աղասի Մկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Արդարադատության խորհուրդը որոշել է նրան նախազգուշացում հայտարարել: Նշվում է ԱԽ-ի որոշման մեջ:

Այս առնչությամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն մեկ անգամ անդրադարձել էի Լոռու դատարանի դատավոր Ա.Մկոյանին իմ մասնակցությամբ գործի դատաքննության ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ նշելով որ ամեն դեպքում պատասխանատվության ենթարկելը այս փուլում ընդունելի չէ: Հիշեցնեմ, որ դատավորը քրեական գործի վարույթը կարճելու իմ միջնորդությունը քննարկել էր առանց խորհրդակցական սենյակ հեռանալու՝ խախտելով տվյալ կարգի միջնորդությունների քննարկման արդյունքում որոշում կայացնելու կարգը: Սակայն արդարադատության խորհրդի որոշումը առնվազն տարակուսանք է առաջացնում: Պարզվում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկել ոչ թե այդ խախտման համար ուղղակիորեն, այլ այն բանի համար, որ նա տեղի է տվել իմ՝ պաշտպանիս, առարկություններին և հեռացել է խորհրդակցական սենյակ և նույն հարցի վերաբերյալ կայացրել 2 որոշում: Ինչ կարելի է ասել, տեղի մի տվեք, դատավորներ ջան, թե չէ տեսաք ինչ է լինում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել