Փախուստ ՌԴ ՔԿՀ-ից. կալանավորը ՀՀ քաղաքացի է

Դավիթ Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2007թ փետրվարի 21-ին ՌԴ Ստավրապոլի երկրամասի՝ Ստավրապոլ քաղաքի Պրոմիշլեննի շրջանային դատարանի կողմից, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով, ավազակային հարձակում գործելու համար ՌԴ քր. օր-ի162 հոդվածով դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով: Պատիժը կրել է ՌԴ Ստավրապոլի երկրամասի, Կուրսկի շրջանի, Դիդիմկին գյուղի Սիվիլևա հասցեում գտնվող ՔԿՀ-ում:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, 2007թ օգոստոսի 23-ին ունենալով 4 տարի 9 օր պատժի չկրած մաս, ազատազրկման վայրից դիմել է փախուստի: Նա նախկինում ևս ունեցել է դատվածություն: 2003թ-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն, 3 տարի ժամկետով սահմանված պատիժը փոխարինվել է մեկ տարի փորձաշրջանով ( ՀՀ քր. օր-ի 238 հ-ի 1-ին մասով):
Նա, 5 տարի գտնվելով ազատազրկման մեջ, սույն հանցագործությունը կատարել է պատժի կրման ընթացքում, որի արդյունքում մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 355 հ-ի 1-ին մասով: 2008թ-ից ՌԴ-ում նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում իսկ օրեր անց որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գտնվելով հետախուզման մեջ՝ 22.06.2009թ-ին, Դավիթ Հակոբյանը ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցների կողմից ձերբակալվել և բերվել է Երևան քաղաքի վարչության և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

2010թ-ի փետրվարի 23-ին Արթիկում, դռնբաց դատական նիստում քննեց քր. գործն ըստ մեղադրանքի: Ամբաստանյալ՝ Դավիթ Հակոբյանը ինչպես գործի մինչդատական վարույթում, այնպես էլ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

2006թ. օգոստոս ամսին մեկնել է ՌԴ Ստավրապոլ քաղաք՝ արտագնա աշխատանքի; Աշխատել է կահույքի ֆաբրիկայում, որպես վարպետ: Ապրել է Ստավրապոլի երկրամասի Իզաբիլնի քաղաքում: 2006թ. սեպտեմբեր ամսին, կոնկրետ օրը չի հիշում, երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս, ժամը 23-ի սահմաններում իրեն են մոտեցել տեղի ոստիկանության բաժնի աշխատակիցները և բերման են ենթարկել տեղի ոստիկանության բաժին: Իրեն երեք օր ծեծելուց հետո մի անծանոթ կին է եկել ու իրեն մատնացույց արել, բացի այդ ցույց են տվել մի մեծ դանակ, նշելով, որ իբր այդ դանակով ավազակային հարձակում է գործել:
Նշված հանցագործությունը կատարելու համար իրեն դատապարտել են հինգ տարի ազատազրկման և տարել կալանավայր: Կալանավայրում շատ վատ է զգացել, ուշադրություն չեն դարձրել, միայն կալանավորներից Վահե անունով մի հայ տղա է դեղորայքով օգնել: Այդ վիճակում վիճել է կալանավորներից մեկի հետ, որի համար տարել են մենախուց և ծեծել Երկար ժամանակ չի հաշտվել այն մտքի հետ, որ իր նկատմամբ անարդար դատավճիռ են կայացրել; Անընդհատ մտածել է փախուստի մասին, նույնիսկ մի քանի անգամ մտածել է ինքնասպան լինել: Նախքան փախուստի օրը՝ կալանավոր՝ Վահեից 5000 ռուբլի գումար է վերցրել օգտագործելու համար:

Վահեն նրան հարցրել է, թե ինչի համար է ուզում, ինքն էլ ասել է , որ ուղղակի՝ օգտագործելու: 2007թ. օգոստոսի 23-ին, երեկոյան ժամը 18:00-ի անվանականչից հետո անմիջապես որոշել է փախչել: և ժամը 22-ի սահմաններում աննկատ դուրս է եկել կալանավայրից , անցել շենքի այն հատվածը, որտեղից ժամապահներին լավ չի երևում, բարձրացել է դեպի պարսպի կողմ տանող էլեկտրասյուն, անցել է 2 էլեկտրասյուն/ մոտ 120 մետր/, ճանապարհին մի պահ փոշմանել է, բայց, մտածելով, որ եթե ընկնի, կկրակեն, շարունակել է ճանապարհը: Անցել է պարիսպն այն կողմ, մինչև առավոտ քայլել է իրեն անհայտ ուղղությամբ: Լուսադեմին հասել է ինչ-որ քաղաքի երկաթուղու կայարան, այդ պահին մի գնացք է եկել, մտել է գնացքի տակ, բռնվել երկաթյա սյուներից և այդ ձևով գնացել մոտ 2 ժամ՝ հասնելով Վլադիկավկազ:

Վլադիկավկազից ինչ-որ գետի ուղղությամբ բարձրացել է սարերը և մի քանի օր գնալով՝ հասել ինչ-որ ուղեկալի: Մեքենաների պետհամարանիշներից հասկացել է, որ Վրաստանի սահմանում է: Ինքն էլ է զարմացել, թե ինչպես է անցել այդ ուղեկալները: Վրացական մի քաղաքում իրեն բռնել են ոստիկանության աշխատակիցները, պատմել է եղելության մասին և իրեն բաց են թողել: Այդ ընթացքում պատահական քաղաքացիներից հարցուփորձ է արել, թե ինչպես գնա Հայաստան: Իր՝ Հայաստան հասնելը, տևել է մոտ 1 ամիս ու կես: 2007թ. հոկտեմբերի կեսերին մի սարի վրա պատահական ինչ-որ անծանոթ մարդ է տեսել, մոտեցել է նրան և հարցրել, թե ինքը որտեղ է, վերջինս պատասխանել է. որ արդեն Հայաստանում է: Հասել է ճանապարհին, սպասել մինչև մեքենա գա, այդ պահին հանդիպել է մի տաքսի և վարորդին խնդրել է իրեն հասցնել տուն: Տաքսու վարորդը համաձայնվել է, նրան բերել է տուն և հեռացել: Այդ վարորդին չի ճանաչել, ոչ էլ գիտի, թե որտեղից է:

Մինչև 2009թ. հունիս ամիսը Երևան քաղաքում աշխատել է շինարարական օբյեկտներում՝ անծանոթ մարդկանց մոտ: Երբ գործի համար պահանջել են փաստաթղթեր, որոշել է հանձնվել իրավապահ մարմիններին և պատմել եղելությունը: 2009թ. հունիսի 22-ին գնացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հանձնվել՝ պատմելով եղելությունը: Հայտնել է, որ իր փախուստի հիմնական պատճառը իր նկատմամբ անօրինական դատավճիռ կայացնելն է եղել, քանի որ ինքը ոչ մի ավազակային հարձակում էլ չի գործել, բացի այդ եղել է հիվանդ և իրեն կալանավայրում ոչ-ոք չի օգնել, հակառակը՝ իրեն գցել են մենախուց և տանջել: Փախուստի ժամանակ իրեն էլ ոչ ոք չի օգնել և ոչ ոք չի իմացել այդ մասին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալ՝ Կարապետ Դավթյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և սույն հանցագործությունը կատարել է ՀՀ տարածքից դուրս՝ Ռուսաստանի Դաշնությունում, ուստի դատարանը գտնում է, որ Դավթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ քր. օր-ով, և դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քր. օր-ի 15 հ-ով:

Վերլուծելով և գնահատելով գործով ձեռք բերված, դատաքննությամբ հետազոտված ապացույցները իրենց համակցության մեջ՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ՝ Դավիթ Հակոբյանը մեղսագրվող հանցավոր արարքը ապացուցված է, այն համապատասխանում է ՀՀ քր. օր-ի 355 հ-ի 1-ին մասի հատկանիշներին, որով էլ նա պետք է քրեական պատասխանատվություն կրի:

Այսպիսով, Դավիթ Հակոբյանը մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 355 հ-ի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 / մեկ / տարի 6 / վեց / ամիս ժամանակով:Պատժի սկիզբը հաշվել` 22.10.2009թ-ից: Նա պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ ՔԿ վարչության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել