Ամենամյա արձակուրդն տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը սահմանում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածը:
Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ:
Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Իսկ անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`
1) մինչև տասնութ տարեկան աշխատողները.
2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:
Օրենսգիրքը կարգավորել է նաև հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը, որի դեպքում, եթե հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իրենց նախընտրած ժամանակ:
Ընդ որում հարկ է նշել, որ ամենամյա արձակուրդի ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը: