Երևանի բնակչուհի Շախբազյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
2015թ. փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, «Արմենիա» ՀԲ կենտրոնից ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Շախբազյանը թիկունքային շրջանի ծակած կտրած թափանցող վերքով բժշկական օգնության է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ։
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, և նույն օրը Շախբազյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ ՀՀ քաղաքացի Հ. Ներիսիյանը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ փետրվարի 19-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նկատի ունենալով, որ քրեական գործով մեղադրյալը հանդիսանում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսքգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության՝ նախաքննությունը շարունակելու։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: