ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի կալանքի ժամկետները երկարացվել են երկու ամսով: Իրավաբան.net կայքին դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը հաղորդեց, որ նման որոշում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է փետրվարի 18-ին:
«Մեր առարկությունները միջնորդության ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հիմնավորումներով ներկայացրել ենք դատարանին, որ ի սկզբանե կալանքի հիմքեր չի եղել, հետևաբար չի կարող նաև շարունակվել կալանքը, դրա վերաբերյալ մենք կներկայացնենք վերաքննիչ բողոք, այնուհետև վճռաբեկ բողոք: Նշեմ, որ դեռևս չի վերադարձրվել առաջին կալանավորման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կամ վարույթ չի ընդունվել, վճռաբեկ դատարանի դիրքրոշումից հետո մենք գործը կուղարկենք Եվրոպական դատարան»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև գնահատական տվեց դատավորի ձերբակալումից հետո ԱԱԾ-ի կողմից տարածած տեսանյութի վերաբերյալ, փաստաբանը պնդեց, որ շրջանառվել է մոնտաժված տարբերակը։ Այն հարցին, թե արդյոք տեսագրությունից դո՞ւրս են մնացել գործի համար կարևոր հանգամանքներ, փաստաբանը պատասխանեց. «Այո, բայց դրանք ներկայումս հրապարակման ենթակա չեն»:
Պարոն Թումանյանի փոխանցմամբ՝ կալանավորված դատավորը պարտքեր ունի տարբեր բանկերում. «Ընդհանուր առմամբ շուրջ 9000 ԱՄՆ դոլարի չափով պարտքեր են կուտակվել: Այն, որ ներկայացնում են տվյալներ, թե նրա շահույթներն աճել են, եկամուտները ավելացել, այդ ամենը չեն համապատասխանում իրականությանը, որովհետև Խաչատուր Խաչատրյանի կողմից ներկայացված բանկային պարտքերը, բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դեռևս կատարված չեն»,- ամփոփեց փաստաբանը:
Հիշեցնեն` ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն` Խաչատուր Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանք: Փաստաբան Կարեն Թումանյանը մինչ այս հաղորդել է, որ դատավորն իրեն մեղավոր չի ճանաչում: