Մանրամասներ ողբերգական վրաերթից

ՀՀ քննչական կոմիետի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 19-ին Արմենակյան փողոցում 4 անձի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Կոմիտեից Իրավաբան.net-ին հաղորդում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել հետիոտներին, որոնց թվում են եղել 29-ամյա Աննա Հարությունյանն ու մանկասայլակի մեջ գտնվող նրա երկու մանկահասակ զույգ տղաները, 82-ամյա Անահիտ Կարապետյանը։ Վրաերթի հետևանքով երեխաներից մեկը մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Երեխաների մայրը գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է, իսկ Անահիտ Կարապետյանը՝ վնասվածքաբանական հիվանդանոցում:

Պարզվել է, որ վթարի հետևանքով վնասվածք է ստացել նաև «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Ժամկոչյանը, ով ևս տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, վարորդը բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է բոլոր քաղաքացիներին, ովքեր ականատես են եղել կատարված վրաերթին, դիմել Երևանի քննչական վարչություն և պատմել իրենց հայտնի հանգամանքների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել