Օրվա հրամայականներից` զվարճանքի վերածվելուց ապահովագրված մշակույթ…

ՀՀ Կառավարության 17 ապրիլի 2002 թվականի թիվ 419 որոշմամբ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության թատրոնները և համերգային կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների:

Պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող թատրոնների ու համերգային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է` մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը:

Սակայն ՀՀ օրենսդրությունը թատրոններին հնարավորություն է տալիս ոչ միայն իրականացնել մշակութային գործունեություն, այլ նաև զբաղվել որոշակի ձեռնարկատիրական գործունեությամբ` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է յուրաքանչյուրիս իրավունքը` գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և մասնակցելու հասարակության մշակութային կյանքին:

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է նաև այս ոլորտում պետության հիմնական խնդիրները, մասնավորապես` նպաստել երիտասարդության մասնակցությանը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին, նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը:

Այն, թե մեր հասարակության համար մշակույթը որ տեղում է և «ինչպիսի» մշակույթ է հաճախ մատուցում ու թե «ինչպիսի» մշակույթի է նախընտրում առնչվել ժամանակակից հասարակություն, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Սակայն շատ կարևոր է, թե որքանով են իրենց դերում մշակութային կենտրոնները, որքանով են մեր պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող թատրոնները իրականացնում իրենց բուն խնդիրը` մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, և որքանով է պետությունը իրականացնում իր առջև դրված խնդիրները:

Հ. Թումանյանի անվան պետական պետական տիկնիկային թատրոն…

Մեծն Թումանյանի անունը կրող մշակույթի կենտրոնը պետք է լինի հայ մատաղ սերնդի մեջ դաստիարակության, գրականության և մշակույթի հանդեպ հետաքրքրություն ու սեր սերմանող օջախներից մեկը: Սակայն ներկայացում դիտելու ոգևորությամբ թատրոն ոտք դնող երեխաների առջև մուտքի դռան անմիջական հարևանությամբ տեղակայված են ատրակցիոններ… Դժվար թե կգտնվեն նախադպրոցական տարիքի երեխաներ, որոնք անտարբեր կանցնեն դրանց մոտով, քանզի մշակույթին առնչվելու ցանկությունը կլինի ավելի մեծ… Այդպիսի երեխաների բացակայության վառ ապացույցն է ներկայացում դիտելու ժամանած երեխաների հերթը ատրակցիոնների մոտ: Նույն հերթերը գոյանում են և մինչ ներկայացումն սկսելը, և դրա ավարտից հետո: Արդյունքում` որպես մարդ ձևավորվող երեխայի համար թատրոն երևույթը միախառնվում է մշակույթի հետ առնչություն չունեցող ժամանցի կենտրոնի հետ:

Հարցը կարևոր է նաև սոցիալ-տնտեսական համատեքստում: Օրինակ, մեր երկրում ոչ բոլոր ծնողները կարող են իրենց թույլ տալ այդ օրը ծախսել ավելին, քան ներկայացման տոմսի արժեքն է, սակայն ցանկանում են, որ իրենց երեխաները մասնակից լինեն երկրի մշակութային կյանքին: Այս պարագայում ծնողները ստիպված պետք է ընտրեն` տանե՞լ երեխային ներկայացում դիտելու և թույլ չտալ օգտվել ատրակցիոններից` բացասական ազդեցություն թողնելով երեխայի հոգեբանության և իրենց ինքնագնահատականի վրա, թե՞ չտանել ներկայացում դիտելու: Երկու դեպքում էլ հետևանքներն անցանկալի են:

Չցանկանալով կենտրոնանալ միայն մեկ թատրոնի վրա և չբացառելով, որ նմանատիպ` մշակույթի հետ աղերս չունեցող գործունեություն իրականացվում է նաև այլ թատրոններում, հարկ է մեկ անգամ ևս արձանագրել, որ յուրաքանչյուր հաստատություն պարտավոր է «պահպանել իր դեմքը», պարտավոր է իր գործունեությամբ ծառայել իրեն առաջադրված նպատակին: Միայն այդ պարագայում մեզ հետևող սերնդի մոտ կձևավորվեն իրական արժեքներ, և միայն այդ պարագայում նրանք կարող են արդարացնել մեր սպասումները:

Հ.Գ. Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

ՀԵԻԱ-ի վարչության անդամ, փաստաբան 
Արփինե Եղիկյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել