Ինչպե՞ս Գագիկ Ծառուկյանին կզրկեն պատգամավորի մանդատից

Երեկ ՀՀԿ խորհրդից հետո խոսք էր գնում Գագիկ Ծառուկյանին ԱԺ պատգամավորի մանդատից զրկելու մասին: Քաղաքական հայտարարությունները մի կողմ, այս գործընթացը պետք է իրականացվի բացառապես իրավական ճանապարհով, իսկ տվյալ պարագայում առանձնացրել ենք 3 տարբերակներ:

Այսպես` պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցը կարգավորում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը: Ըստ այս օրենքի Գագիկ Ծառուկյանին կարող են հեռացնել հետևյալ դեպքերում`

1. 12-րդ հոդվածի 1 մասի «գ» ենթակետը ազդարարում է, որ պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա խախտել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները, այսինքն` զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: 65-րդ հոդվածում նշվում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»: Այս տարբերակը չի բացառվում հաշվի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»:

2. Մյուս խնդիրը, որ բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը` ԱԺ նիստերից բացակայելու հանգամանքն է: Նախագահը երեկ հայտարարեց, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Այսինքն` ըստ էության նրա մանդատից զրկվելու հարցն արդեն իսկ պետք է քվեարկության դրվեր, բայց չի արվել: Այսպես` պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է ԱԺ աշխատակազմը, որն էլ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ ամսվա կամ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից նրանց բացակայության մասին: Այդ տեղեկանքը ուղարկվում է նաև պատգամավորների էլեկտրոնային հասցեներին: Քանի որ առ այսօր Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցը չի դրվել քվեարկության, կարող ենք ենթադրել, որ նա հարգելի պատճառներ է ունեցել, օրենքը նաև այդ պատճառներն է թվեարկում: Օրենքը ազդարարում է, որ «Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում»: Բայց, առաջին նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում նման հարց չի ընդգրկվել: Այսինքն` նախագահի մակարդակով իմացել են այս մասին, սակայն հարցը քննարկման չի դրվել փետրվարի 2-5-ի նիստերի օրակարգում: Օրենքը նաև նշում է, որ պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից: Գործընթացը սկսելուց առաջ առնվազն 7 օր է պետք, եթե Գագիկ Ծառուկյանը չներկայանա նիստին` երկու անգամ երկու ական շաբաթ կհետաձգվի: Այսինքն` մեխանիկական հաշվարկի դեպքում ստանում ստանում ենք հետևյալ պատկերը` «պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին», «քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով»` ևս 28 օր, ստացվում է 35 օր: Տվյալ պարագայում, եթե Գագիկ Ծառուկյանին ծանուցում ուղարկեն հենց այսօր` փետրվարի 13-ին, նրան` պատգամավորի մանդատից զրկելու հարցը, ամենայն հավանականությամբ, քվեարկության կդրվի մարտ ամսի ԱԺ քառօրյայի վերջին նիստին` մարտի 19-ի օրակարգում:

3. Իսկ մյուս` հավանական կետը, ըստ որի, Գագիկ Ծառուկյանը կզրկվի պատգամավորի մանդատից, 12-րդ հոդվածի «թ» ենթակետն է` «նա տվել է հրաժարական»:

Ծանուցում

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի դրույթները` այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի, ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր 16.04.2013 ՍԴՈ-1081 որոշմամբ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել