ՀՀ կառավարության վաղվա նիստում նախատեսվում է ընդունել որոշում, ըստ որի Հայաստանի Հանրապետության «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքով նախատեսված շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման լիազոր մարմին կճանաչվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2014 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է օրենքում օգտագործվող հասկացությունները, մասնավորապես Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմին՝ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մարմին:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները գրանցվում են տարբեր մարմինների կողմից: 2014 թվականի դեկտեմբերի 17-ի Օրենքի ընդունմամբ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները գրանցվելու են մեկ միասնական մարմին կողմից, բացառությամբ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի գրանցման, բանկային հաշիվների, դեպոզիտների, ինչպես նաև պարտադիր գրանցման ենթակա ապահովված իրավունքները: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազոր մարմինը՝ կազմակերպում և իրականացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումը, իրականացնում է Գրանցամատյանի վարումը՝ հավաքում, մշակում, տրամադրում, դասակարգում և արխիվացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը, ապահովում է շարժական գույքի նույնականացումը, սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ Գրանցամատյանից, ապահովում է իր գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու հնարավորություն:
Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենքով նախատեսված լիազոր մարմինը ստեղծվում է մինչև 2015 թվականի փետրվարի մեկը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կլիազորվի իրականացնել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում: