Այսօր մահացել է իրեն և որդուն այրած Աննա Բադալյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը 03:15-ի կողմերը:
Մինչ այս Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննության, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել մայրը։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։