«Արտակ Խաչատրյանի մոտ ներքին օրգանների վնասվածքներ այս պահին չեն հայտնաբերվել». ՄԻՊ-ը հսկողության տակ կպահի դեպքերի ընթացքը

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը տեղեկացրեց, որ «Մալաթիա» բժշկական կենտրոն է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը: Այսօր այս հիվանդանոց է տեղափոխվել ծեծի ենթարկված ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ով պայքարում էր  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթների դեմ. «Մեկ ժամ առաջ ՄԻՊ տեղակալը հիվանդանոցում է եղել, զրուցել է Արտակ Խաչատրյանի հարազատների, ակտիվիստների և ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հետ»,- փոխանցեց տիկին Դանիելյանը` հավելելով, որ Արմեն Գրիգորյանը նաև զրույց է ունեցել բժշկի հետ. «Ով տեղեկացրել է, որ Արտակ Խաչատրյանի մոտ ներքին օրգանների վնասվածք այս պահի դրությամբ չի հայտնաբերվել, հետագա հետազոտությունների արդյունքները պարզ կլինեն առավոտյան»,- ասաց ՄԻՊ մամուլի խոսնակը:

ՄԻՊ տեղակալը եղել է նաև ոստիկանությունում. «Որտեղ խոսել է ոստիկանների հետ, բացատրել, թե ինչ կարող է անել օմբուդսմենը, իրավաբանական խորհրդատվություն է տվել: Մենք պարբերաբար հսկողության տակ կպահենք գործը: Պաշտպանն անձաբ մտահոգված է, բազմիցս ասել է, որ դատապարտում է նման դեպքերը, պարտադիր հետևելու ենք ողջ գործընթացին, ակնկալում ենք, որ ոստիկանությունը բոլոր հանգամանքները կպարզի, այստեղ բազմակողմանի քննություն է պետք, մենք դրան կհետևենք»,- նշեց ՄԻՊ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր Արտակ Խաչատրյանի առևանգման մասին ՄԻՊ թեժ գծին ահազանգ է ստացվել. «Առաջինը, որ արել ենք` ՀՀ ոստիկանությունից, ԱԱԾ-ից և ֆինանսների նախարարության օպերատիվ վարչությունից փորձել ենք ճշտել` արդյոք նման անուն-ազգանունով բերման ենթարկված անձ կա, թե ոչ: Ստացել ենք պատասխան, որ նման անուն-ազգանունով անձ բերման ենթարկված չկա»,- ասաց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել