Բոլոր տուգանքները սահմանված արագությունը խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը 6 մասերով սահմանում է սահմանված արագությունը խախտելու պարագայում կիրառվող տուգանքները: Ըստ այդմ`

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն` 1000 ՀՀ դրամ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության պարագայում:

2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով, այսինքն` 1500 ՀՀ դրամ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության պարագայում:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն` 100 հազար ՀՀ դրամի չափով:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով` 200 հազար ՀՀ դրամի չափով:

5. Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով` 500 հազար ՀՀ դրամի չափով:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել