Պերմյակովը ապօրինի է հայտնվել ՌԴ իրավապահների մոտ. պատգամավոր

ԱԺ պատգամավորի հետ այսօրվա խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե արդյոք չկա հարուցված քրեական գործ այն հանգամանքի վերաբերյալ, որ Վալերի Պերմյակովը ՀՀ պետական սահմանը հատելու փորձ է կատարել:

Պատգամավորը պնդեց, որ Պերմյակովին ձերբակալելու ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է պարտադիր մասնակից լիներ: Ըստ պատգամավորի` թույլ է տրվել ապօրինի փոխանցում Պերմյակովին ՌԴ իրավապահ մարմիններին: Նա շեշտեց, որ այդ ապօրինությունը թույլ տված անձանց նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործ, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ներկայացուցիչների: Տիկին Փոստանջյանը նաև հայտարարեց, որ հաղորդում է տալիս հանցագործության մասին` ՀՀ և ՌԴ սահմանապահ մարմինների գործունեության վերաբերյալ, որոնք ըստ պատգամավորի, գործել են ապօրինի:

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Հենց այս հանգամանքը այն անհրաժեշտ հիմքերն են, որ ես պետք է ունենամ: Մենք պետք է քննարկման առարկա դարձնենք, թե արդյոք Վ.Պերմյակովը օրինական, թե ապօրինի ճանապարհով է հայտնվել սահմանին և այլն: Այ, դա կլինի բավարար հիմք, որպեսզի իմ դիմումը ՌԴ գլխավոր դատախազին լինի հիմնավորված: Երբ որ մենք քրեական գործերով ձեռք կբերենք բոլոր ապացույցները: Քրեական գործի շրջանակներում կպարզվեն այդ հանգամանքները ու կբարձրացվի պատասխանատվության հարցը»:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումայանը, հիմք ընդունելով ՌԴ սահմանապահների կողմից Վալերի Պերմյակովին ձերբակալելու, այնուհետև ՌԴ իրավապահների իրավազորությանը հանձնելու հանգամանքը, նույնպես հանցագործության մասին հայտարարությամբ հանդես եկավ. «Այստեղ կատարվել է պաշտոնական լիազորությունների չարաշահում, խախտվել է միջպետական պայամանագիրը, սա առաջին: Երկրորդ խնդիրը` Սահմանապահ զորքերը պարտավոր էին տեղյակ պահել ԱԱԾ-ին, որ կասկածյալին տեղափոխում են բազա: Այստեղ թերացել են ոստիկանները: Քրեական գործի հատկանիշներ կան, մնացած հարցերը զուտ քաղաքական ոլորտից են: Շատ լավ է, որ եկել եք, բայց սա ձեր ոլորտը չէ: Կորած են մեր Արտգործնախարարը չկա, իսկ ԱԱԾ պետը ձայն չի հանում»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը` նշելով, որ իմաստ չկար Գևորգ Կոստանյանին հրավիրել այս լսումներին, քանի որ հարցի քննարկումը նրա լիոզորություններից դուրս է:

Գևորգ Կոստանյանն ասաց, որ սա բոլորի խնդիրն է ու բոլորն էլ իրականացնելու են իրենց գործառույթները. «Սա բոլորիս հարցն է, լիազորությունները իրականացնում ենք ամեն մեկս մերը, բայց պատասխան ենք տալու ու տալիս ենք բոլորս իրար հետ վերցրած»,- հայտարարեց պարոն Կոստանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել