Գյումրի բժշկական կենտրոն ընդունվել է 14 մարդ. մեկը վնասվել է խլացուցիչ նռնակի բեկորից

Գյումրի բժշկական կենտրոն այսօր ժամը 20:10-ին կատարվել է առաջին տեղափոխումը: Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը հաղորդեց, որ քաղաքացիները քարի հարվածներ են ստացել, ընդհանուր քանակով քաղաքացիները 10 հոգի են, ոստիկանները՝ 4: «Քաղաքացիներից մեկը փորձել էր շտապօգնության մեքենա նստեցնել մեկ այլ քաղաքացու և մատը թողել էր դռան տակ»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Նա տեղեկացրեց, որ ծանր վիճակում են ընդունվել ոստիկանները. «Նրանք գանգի տրավմաներով են ընդունվել: Ներկա պահին մեկ ոստիկանի մոտ գանգոսկորի կոտրվածք է, բայց գանգուղեղ վնասվածք չկա, նա տեղափոխվել է ռեանիմացիա»:

Բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ քաղաքացիները ստացել են թեթև վնասվածքներ, միայն նրանցից մեկն է ստացել այրվածք, սակայն Արմեն Իսահակյանը չկարողացավ պարզաբանել` ինչից է եղել դա: Ընդունվածներից մեծամասնությունը դուրս են գրվել:

Նշենք, որ այսօր ռուսական հյուպատոսարանի մոտ հնչել են պայթուններ, հատուկ ջոկատայինները պայթեցրել են խլացուցիչ նռնակներ, որոնցից մեկը հայտնվել է քաղաքացիների ոտքի տակ: Թեև Արմեն Իսահակյանը հավաստիացրեց, որ հրազենային վնասվածքներ ստացողներ չկան, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ քաղաքացիներից մեկը ստացել է լուրջ վիրավորում. «Վնասվել է նրա աջ բազուկոսկրի ներսային մասը և կրծքային հատվածը: Խլացուցիչ նռնակի բերկորից է վնասվածքը ստացել»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Մեր այցելության ընթացքում հիվանդանոց էին տեղափոխում ևս մի քաղաքացու` ոտքի վնասվածքով:

Նշենք նաև, որ այսօր հատուկ ջոկատայինների մեջ եղել են նաև Երևանից բերված ոստիկաններ, իսկ դատախազության շենքի դիմաց հերթապահում էին Երևանում ծառայություն իրականացնող ոստիկաններ, որոնց հաճախ ենք տեսնում ակցիաների ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել