Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում` Ճանապարհային երթևեկությանը վերաբերող բազմաթիվ տուգանքները չեն գործում: Կարծում է «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Խոսելով ճանապարհատրանսպորտային համակարգի մյուս թերացումներից` պարոն Հովհաննիսյանը շեշտեց.
«Մեզ մոտ ճանապարհայի երթևեկության կազմակերպումը գտնվում է ցածր մակարդակի վրա, երբ ճանապարհային նշանի ու գծանշումի պահանջներն իրար հակասում են: Լուսացույցերը տեղադրված են ոչ կառավարության որոշման համաձայն: Հետիոտնային անցումային գծանշումներն անցկացված են խաչմերուկների հատվածում, այսինքն` ոնց որ հետիոտնին հրավիրեն ընկնել մեքենայի տակ: Այսպես չի կարելի»,- ասաց նա:
Նա նաև շեշտեց, որ 3 և ավելի գոտի ունեցող ճանապարհներին արագությունը սահմանափակող նշանները հարկավոր է տեղադրել նաև ճանապարհի ձախ կողմում. «Ոչ թե միայն աջ կողմում, չէ որ նրանք կարող են փակվել այլ տրանսպորտային միջոցներով, վարորդը կարող է չտեսնել այդ նշանը: Նույնը նաև լուսացույցների մասով, մեզ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր դժգոհում են, որ լուսացույցը տեղադրված է աջ կողմում, սակայն չորսը գոտի ունեցող ճանապարհին չեն կարողանում տեսնել այդ լուսացույցը: Երբ որ նրանք անցնում են կարմիր լույսի տակով, տեսախցիկը ֆիքսում է, սակայն ոչ մեկ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ լուսացույցն է սխալ տեղադրված»,- եզրահանգեց ՀԿ նախագահը:
Իրավաբան.net