ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի և ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանը և ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջևան քաղաքի բնակիչ, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ:
Ա. Ազիբեկյանը և Ա. Ավետիսյանը 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: Քննչական բաժնի պետի տեղակալը և ոստիկանության բաժնի պետը, համալիրի սեփականատեր Ա. Խոջումյանից տեղեկանալով, որ նա Աշոտ Այդինյանի ուղղությամբ մարտական փամփուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցներ է արձակել, նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու և բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, նախ որոշել են թաքցնել դեպքը, ապա դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած` մինչև դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:
Ա. Ազիբեկյանը և Ա. Ավետիսյանը հրահանգավորել են Անդրանիկ Խոջումյանին դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը և ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել և ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:
Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտակ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մինչդատական վարույթում Անդրանիկ Խոջումյանի և Անդրանիկ Ազիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: