Տարին նշանավորվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացով. Գագիկ Խաչատրյան

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դեկտեմբերի 29-ին ամփոփել է տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքը՝ անդրադառնալով նաև 2014-ի մակրոտնտեսական, ֆինանսավարկային և հարկաբյուջետային ցուցանիշներին: Նախարարը կարևորել է Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միավորումը, նախարարության կառուցվածքի օպտիմալացմանն ու գործառույթների լիարժեք իրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Տեղեկանում ենք ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից:
Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին` նախարարը նշել է, որ համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ 2014 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 3.9 տոկոսով, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.1 տոկոսային կետով: ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 0.5 տոկոսով. արտահանումն աճել է 2.1 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 496.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 0.1 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 396.3 մլն դոլար:
Նախարարը տեղեկացրել է, որ 2014 թվականին ձևավորվել է թույլ գնաճային միջավայր. նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 2.6 տոկոս, որը պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) ապրանքախմբում արձանագրված 3.2 տոկոս գնաճով, ոչ պարենային ապրանքների գների` 1.3 տոկոս և ծառայությունների սակագների 2.1 տոկոս աճով: Նա նշել է, որ բյուջետային ցուցանիշները հիմնականում կատարված են, միաժամանակ, դրանց վրա էական ազդեցություն են ունեցել տնտեսական աճի գործոնները, հարկային արտոնություններ տրամադրող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև առանձին ապրանքների միջազգային գների անկումը: «Չնայած մարտահրավերներին՝ այս տարի համակարգը ոչ միայն գերավճարի աճ չի ունեցել, այլ նաև մեզ հաջողվել է այդ ուղղությամբ բավականին տպավորիչ արդյունք արձանագրել՝ տարին ավարտելով գերավճարների նվազեցումով»:
Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է տնտեսության ստվերայնության նվազեցմանն ու փաստաթղթաշրջանառության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:
Ֆինանսների նախարարը նշել է 2014 թվականին ստորագրված վարկային և դրամաշնորհային մի շարք համաձայնագրերի մասին, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել 270 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհային միջոցների ներգրավման վերաբերյալ` ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման համար: Ընթացիկ տարում փաստաթղթեր են ստորագրվել նաև խոշորագույն միջազգային բանկերի ու կազմակերպությունների հետ: Ստորագրված ֆինանսական փաստաթղթերն առնչվել են ջրամատակարաման և ջրահեռացման բարելավմանը, կոշտ թափոնների կառավարմանը, բյուջետային աջակցությանը, կրթության բարելավմանը, կանանց ձեռներեցության աջակցմանը և այլ ոլորտների: Նախարարը հայտնել է միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքի մասին:
Խաչատրյանի խոսքով՝ տարին նշանավորվել է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացով, որի շրջանակներում կազմակերպվել են Ճանապարհային քարտեզով հաստատված` համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության միջոցառումների իրականացման և տեղեկատվության տրամադրման աշխատանքները: 
Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ անցնող տարում մեծապես կենտրոնալով շենքային պայմանների բարելավման ուղղությամբ, 2015 թվականին նոր լիցք է հաղորդվելու կադրերի մասնագիտական որակների բարձրացման աշխատանքներին: Գալիք տարում կարևոր անելիքներից է լինելու նաև միջազգային համագործակցության ընդլայնումը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրն ավարտին հասցնելը:

Մանրամասները՝ ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ mfe.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել