Դրամի փոխարժեքի կայունացում, կենսաթոշակի և նպաստի չափերի բարձրացում և այլ հարցեր Կառավարության նիստի օրակարգում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:
Ինչպես Իրավաբան.net-ն արդեն անդրադարձել է ֆինանսական շուկայում առկա տատանումների մասին Վաչե Գաբրիելյանի ելույթին, Վաչե Գաբրիելյանը փաստել է, որ թե գների, թե փոխարժեքի տեսակետից «ունենք կայուն իրավիճակ և մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման և վաճառքի գների տարբերությանը, ստադարտի մեջ է, որ միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն»:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել նիստի օրակարգի հարցերի քննարկմանը:

2015թ. հունվարի 1-ից տարանջատվելու են աշխատանքային, զինվորական, ինչպես նաև «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակների չափերը: Աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվելու է 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ:
2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվելու է 14 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից՝ 16 հազար դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015թ. կկազմի մոտ 41 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշման մեջ, որով սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը, կատարել է փոփոխություններ: Որոշմամբ հստակեցվում է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստի չափը: Բացի այդ, նպաստի չափերը սահմանվել են՝ ծերության նպաստ՝ 14 հազարի փոխարեն 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 19 հազար 600 դրամի փոխարեն՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար 800 դրամի փոխարեն՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն 16 հազար դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն սահմանվել է 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ: Հաջորդ որոշման փոփոխությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող կենսաթոշակի չափը սահմանվել է 14 հազար դրամ:

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միության երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետաքննություն անցկացնող մարմնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկություն տրամադրող ՀՀ լիազոր մարմիններն են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՏՀ-ն նման միջոցներ է կիրառում երրորդ երկրներից ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ: ՀՀ լիազոր մարմիններ նշանակելու խնդիրը բխում է ԵՏՄ պայմանագրային դաշտի պահանջից:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների առաքման սահմանափակումների հսկողության» կարգը: Որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծված և գրանցամատյաններում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների՝ առանց իրավատիրոջ համաձայնության ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածք արտահանումը թույլ չտալու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

Նիստում հավանություն է տրվել ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայություններին: Ակնկալվում է այդ ընթացքում իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերն ու թեմաներն համապատասխանեցնել երկրի գիտական ներուժի եղած հնարավորություններին, գիտության և տեխնիկայի զարգացման համաշխարհային միտումներին:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր էլեկտրոնային գնումների կարգը, կատարել է փոփոխություններ և ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը: 2015թ. հունվարի 1-ից այդ համակարգով կիրականացվեն նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից կատարվող պարզեցված, ինչպես նաև քաղաքային համայնքների կողմից իրականացված բաց, պարզեցված և շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգերը, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով, հաշվի առնելով 1963թ. Վիեննայի «Հյուպատոսական կապի մասին» կոնվենցիայի 35-րդ հոդվածը, կապի ազատությունը, մասնավորապես՝ հյուպատոսական հիմնարկի համար հավատարմագրվող պետության կողմից սահմանվում է կապի ազատություն՝ ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական փոստը և ծածկագրված ճեպահաղորդումները:
Նիստում քննարկվել է «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ և ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Օրինագծով առաջարկվում է նախկինում բարձր պաշտոն զբաղեցնող անձին չզրկել կենսաթոշակի անցնելու ժամանակ նրան տրվելիք արտոնությունից: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ՝ համարելով, որ դրա ընդունման անհրաժեշտություն չկա: Քննության է առնվել պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը, որով նա առաջարկում է օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի անկախ այն հանգամանքից, թե որքան է պաշտոնավարել: Կառավարությունը դեմ չէ նախագծի հեղինակի մոտեցմանը և պատրաստ է համագործակցել նրա հետ՝ պաշտոնավարման ժամկետի ողջամիտ սահմանափակում մշակելու նպատակով:

ՀՀ կառավարության որոշումներով ստեղծվել է «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (ՊԿՀ), հաստատվել նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, վերակազմակերպվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ն՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին միացման ձևով: Հաստատվել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը:
Կառավարության որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի, Համլետ Հակոբյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոններից:

Ներկայացված որոշումների մանրամասներին և ընդունված այլ որոշումներին կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել