Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած օրենքի նախագծին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 25-ի կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ կառավարության եզրակացությունը Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 32-րդ կետում ամրագրել դրույթներ, որոնց համաձայն՝ հիշյալ կետը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև 2006 թվականի դեկտեմբերի 16-ը նշված պաշտոններում պաշտոնավարած անձանց վրա:

Պարոն Մանուկյանը հավելեց, որ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները ներկայում կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որով տրված են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ցանկը, ինչպես նաև սահմանվում են սոցիալական երաշխիքների տեսակներն ու չափերը:

Ելնելով մի շարք հանգամանքներից՝ Հովհաննես Մանուկյանը շեշտեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիիկ Ջհանգիրյանի հեղինակած օրենքի նախագծին:

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել