Քաղաքացու նամակը օմբուդսմենին

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հարությունյանն իր հաշվում բաց նամակով դիմել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանին.

Ես, վերջերս բավականին դրական էի տրամադրված Ձեր գործունեության, մտավոր կարողությունների, նաև Ձեր անձի նկատմամբ, նույնիսկ փորձում էի աջակցել, լեգիտիմացնել այն կառույցը, որը ղեկավարում եք, անկախ նրանից, որ օբյեկտիվորեն մտածում եմ, որ անկախ չի կարող լինել և զուրկ է որևէ լծակներից, բայց այն ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին ստիպեց ինձ հուզվել։
Շատ խորհրդանշական է, որ Մարդու իրավունքների պաշտպանության օրը պետական համակարգի իրավական երաշխավորը՝ ոստիկանապետը, Մարդու իրավունքների պաշտպանին նվիրում է Աստվածաշունչ ու հենց Մարդու իրավունքների պաշտպանության օրը, դրանով ուղղակի ոչնչացնելով մարդու իրավունքների իրավական, փիլիսոփայական իմաստը, դրան հակադրելով կրոնականը, ինչին դուք պետք է որ համապատասխան մեկնաբանություն տայիք, բայց ավաղ մեծ ուրախությամբ ընդունեցիք Ձեր գործի անիմաստությունը։

Մնացած «մի քայլ առաջ» տրամաբանության մեջ գովեստի խոսքերը, որոնք վերաբերվում են մարդու իրավունքների դեկորատիվ բարելավումներին (որոնք իհարկե չեմ ժխտում), անտեսելով բուն իրավունքները, Ձեր կառույցը դարձրեց խամաճիկ։

Նույն օրը դրան հաջորդեց ոստիկանապետի տեղակալի հայտարարությունը, որ շան թուլի պես կկտրի ազատ խոսքի իրավունքն իրականացնող մարդու ականջները։ Սա արդեն միայն խորհրդանշական չէ, այլ գործնական, նաև հաշվի առնելով ազատամարտիկների վրա հարձակումները։ Դրան կարծես չհետևեց Ձեր կողմից միակ տրամաբանական քայլը՝ նրա հրաժարականի պահանջը։ Նաև ավանդույթ դարձած ոստիկանության ու ոստիկանապետերի կապերը քրեական աշխարհի հետ (ըստ երևույթին կրոնական ավանդույթներին համաձայն, քանի որ իրավականի լրիվ հակառակն է), ինչի մասին օրերս աղմկահարույց հրապարակումներ եղան, ինչին հետևեցին լրագրողների նկատմամբ ճնշումները։ Դե քաղաքացիների վրա քաղաքական դրդապատճառներով հարձակումները, մեքենաների վնասումներն էլ երևի սովորական բան են։ Էլ չեմ խոսում խաղաղ հավաքների ազատության ճնշման ավանդույթն ինչքան սովորական է։ Կողմնակալ արդարադատությունն էլ թուրքերի մեղավորությունն է։

Ցավում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այսպես արժեզրկվեց։ Կլոր սեղանների շուրջ «կառուցողական» քննարկումները, պետք է լինեն բոլորովին այլ դաշտում։
Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝
Կարեն Հարությունյան

Լուսանկարը` Police.am կայքից, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հուշանվեր է հանձնում Կարեն Անդրեասյանին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել