«Այսօր մեզ խանգարող ամենամեծ թերություններից է դատավորների հաստիքների պակասը». Արման Մկրտումյան

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր աշխատավայրում հյուրընկալեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգթոնի Արեւմտյան վարչաշրջանի դաշնային դատարանի նախագահ Մարշա Ջ. Փիչմանին: Տիկին Փիչմանի այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի հետ, զրուցել ՀՀ դատական համակարգի առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել հայ դատավորների` մեկ ամիս առաջ ԱՄՆ կատարած այցի արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք` նոյեմբերի 2-ից 12-ը ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտի արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման, աջակցման եւ վերապատրաստման գրասենյակի հրավերով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը, Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը ուսումնական այց կատարեցին ԱՄՆ:

Երեւանյան հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտի` արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման, աջակցման եւ վերապատրաստման գրասենյակի մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանն ու նրա օգնականը` Քրիստինա Աֆոյանը:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ողջունեց տիկին Փիչմանին, ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական համակարգի առանձնահատկությունները, դրական ու բացասական կողմերը, գրանցված նվաճումները, ինչից հետո երկու կողմերի միջեւ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության ապագա սահմանադրական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ տիկին Փիչմանի կողմից Երեւանում անցկացվող երկօրյա դասընթացների թեմաները:

Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրեց դատական համակարգի երեք կարեւոր առանձնահատկությունները` ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը, մասնագիտացման սկզբունքն ու դատական նախադեպի ինստիտուտը, որը 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում: Վճռաբեկ դատարանի նախագահը հյուրերին ներկայացրեց նաեւ վերջին տարիների ընթացքում գրանցված հաջողություններն ու նվաճումները:

Հայաստանի Հանրապետության դատական համակարգի դրական կողմերը ներկայացնելուց հետո պարոն Մկրտումյանն անդրադարձավ նաեւ թերություններին` «Այսօր մեզ խանգարող ամենամեծ թերություններից է դատավորների հաստիքների պակասը: Այս տարիների ընթացքում քաղաքացիական գործերի թվաքանակի ահռելի աճ է գրանցվել: Անցյալ տարի ստացված 47 հազար գործի համեմատ այս պահի դրությամբ դատարանում արդեն գրանցվել է 77 հազար քաղաքացիական գործ»:

Մարշա Ջ. Փիչմանն իր հերթին պատմեց, որ երեւանյան այցից առաջ ծանոթացել է Հայաստանի Հանրապետության դատական համակարգին, իսկ այսօր նաեւ տեղեկացավ սահմանադրական բարեփոխումներին եւ վերջին տարիներին գրանցած հաջողություններին: Անդրադառնալով հայ դատավորների` ԱՄՆ կատարած այցին, տիկին Փիչմանը նշեց, որ Հայաստանի պատվիրակության հետ քննարկել են մինչդատական վարույթին, մասնավորապես` խափանման միջոցների կիրառմանը վերաբերող հարցեր, դատական իշխանության դերի ու նշանակության վերաբերյալ հանրության իրազեկման և մի շարք այլ հարցեր:

«Անցյալ տարի մեր դատարանը հյուրընկալել է 650 դատավորների աշխարհի բոլոր մայրցամաքներից` չհաշված Անտարկտիդան: Բայց Հայաստանի պատվիրակությունը առանձնահատուկ կերպով հետաքրքրեց մեծ: Խելացի ու պատրաստված մարդիկ էին, շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել նրանց հետ»,- նշել է Մարշա Ջ. Փիչմանը:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ու Միացյալ Նահանգների վարչական նահանգական դատավոր Մարշա Ջ. Փիչմանը հույս հայտնեցին, որ երկու կողմերի համագործակցությունը կշարունակվի նույն ոգով:

Հիշեցնենք` Մարշա Ջ. Փիչմանը Հայաստանում է` մասնակցելու Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի եւ ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտի արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման, աջակցման եւ վերապատրաստման գրասենյակի կազմակերպած կլոր սեղան- քննարկմանը:

Լուսանկարը՝ court.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել