Տեղեկանք` «Զապ» մականունով քրեական հեղինակություն համարվող Անդրանիկ Սողոյանի քաղաքացիության վերաբերյալ

ՀՀ արդարդատության նախարարության կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն քրեական հեղինակություն համարվող, «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի քաղաքացիության վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասվում է.

Անդրանիկ Սողոյանը ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է ս.թ. հոկտեմբերի 30-ին Երևանում: Նա Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:  ՀՀ գլխավոր դատախազությունը Ա. Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն:  ՀՀ արդարադատության նախարարության կողմից Ա. Սողոյանի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Ներկայում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել