Ամփոփվեցին Գյուղական համայնքների չորրորդ համաժողովի արդյունքները

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ նոյեմբերի 8-ին աշխատանքներն ավարտեց Ջերմուկում մեկնարկած Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակն էր քննարկել տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Աշխատանքային երկու օրերի ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերին վերաբերող արդիական խնդիրներ, որոնց մասնակցեցին պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:Համաժողովին մասնակցում էր Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ռոն Ալպ նահանգի խորհրդի փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը:

Աշխատանքային խմբերի օրակարգային թեմաներից էր “Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ նոր օրենքի նախագիծը, ՏԻ մարմինների լիազորություններն ու գործունեությունը եւ դրանց նկատմամբ իրականացվող ստուգումները, համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը,շրջակա միջավայրի եւ բնապահպանական, գյուղատնտեսական, զբոսաշրջության հիմնախնդիրները, ինչպես նաեւ տարածքային համաչափ զարգացման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հարցեր:

Համաժողովի շրջանակում առանձին թեմայով քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի եւ ավագանու կարողությունների ու ինստիտուտի հետագա զարգացման միտումներին վերաբերող հիմնախնդիրները` 116 համայնքի ղեկավարի եւ 50 ավագանու անդամների մասնակցությամբ:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները` ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը արդյունավետ համարեց համաժողովի աշխատանքները, նշելով, որ այն քննարկումների արդյունավետ հարթակ էր` ՏԻՄ համակարգում առկա առաջնային հարցերը բարձրաձայնելու, կարծիքներ հնչեցնելու եւ փորձի փոխանակման առումով:

Վ. Տերտերյանը ընդգծեց, որ համաժողովի շրջանակում կազմակերպված թեմատիկ քննարկումներն առնչվում էին ՏԻՄ եւ տարածքային կառավարման համակարգի ամենաարդիական խնդիրներին եւ վստահություն հայտնեց, որ այս քննարկումների արդյունքներում կնախանշվեն շատ հարցերի լուծումներ:

Լուսանկարը՝ mta.gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել