Ներկայացվեց թրաֆիքինգի ոլորտում կատարված հանցագործությունների ընդհանուր պատկերը 9 ամիսների համար

Նոյեմբերի 6-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թ. ինն ամիսներին մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:
Թրաֆիքինգի դեմ պայքարը, Տիգրան Պետրոսյանի խոսքերով, չի սահմանափակվում միայն հանցագործությունների բացահայտմամբ: Այն ընդգրկում է աշխատանքների ավելի լայն դաշտ՝ իրազեկման մակարդակի բարձրացում, օրենսդրական նախաձեռնություններ, ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում եւ այլն: 
Թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ այսօր հիմնավոր աշխատանքներ են տարվում, լուրջ համագործակցություն կա պետական կառույցների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում թրաֆիքինգի դեպքերը հայտնաբերելու, հանցավոր անձանց բացահայտելու եւ, ընդհանրապես, երեւույթը կանխարգելելու ուղղությամբ ձեռքբերումներն ակնհայտ են:
2013 թ. եւ 2014 թ. ինն ամիսներին հարուցված 18 քրեական գործերով հանցագործության 22 դեպք է բացահայտվել, որոնցից 10-ը կատարվել են կազմակերպված հանցախմբերի կողմից: Հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել թրաֆիքինգի 28 զոհ, որոնցից 13-ը՝ անչափահաս: 
Պոռնկության շահագործման փաստով հարուցված 12 քրեական գործերից չորսով շահագործումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, երկուսով՝ Թուրքիայում, վեցով՝ Հայաստանում: 
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործում իրականացնելու համար մեղադրանք է առաջադրվել 17 անձի, միջազգային հետախուզման մեջ է գտնվում 16 անձ: 
Միաժամանակ՝ հարակից հանցատեսակներից բացահայտվել են երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, երեխայի վաճառքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 62 դեպք: 
Վերջին երկու տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 28 մարդ դատապարտվել է:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել