Գևորգ Դանիելյանը առաջարկում է օրենսդրական աշխատանքները կենտրոնացնել մասնագիտական կենտրոններում

«Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պնդում է, որ ժամանակն է, որ օրենսդրության մշակման աշխատանքները տարվեն հենց մասնագիտական կենտրոններում: «Որքան էլ որ պաշտոնյան իր ունակություններով կարողնա լավագույն օրենսդրական ակտը մշակել, այդուհանդերձ սա պետական պաշտոնյայի աշխատանք չէ»,- ասաց պարոն Դանիելյանը:

Նա նաև փոխանցեց. «Իհարկե, մի փուլում մենք հարկադրված այդ քայլին գնում ենք, որովհետև չկա անհրաժեշտ ներուժ և վարչական ռեսուրս, սակայն այժմ ժամանակը հասունացել է: Դարձյալ արդարադատության նախարարությունը կարող է հանդես գալ պատվիրատուի կարգավիճակով, բայց մասնագիտական աշխատանքները պետք է հենց մասնագիտական կենտրոններում իրականացվեն, որտեղ և՛ կապահովվի անհրաժեշտ համակարգվածություն, ամբողջականություն, մասնագիտական ներուժի առկայություն և՛ վերջին հաշվով այս կառույցները անկաշկանդ կլինեն ու կունենան կախվածության պակաս: Ի վերջո, օրենսդրությունն ու օրենսդրական աշխատանքները նաև այս կամ այն չափով կրում են կաշկանդվածություն»:

Այս տեսանկյունից պարոն Դանիելյանը շեշտեց, որ խոսքը չի վերաբերում միայն արտաքին կաշկանդվածությանը. «Պատկերացրեք, եթե դատախազը գրում է դատախազության մասին օրենք, նա չի կարող լիարժեք քայլեր ձեռնարկել, որպեսզի դատախազությունը նաև գնա այնպիսի քայլերի, որոնք կհասցնեն լիազորությունների սահմանափակման: Իհարկե, մասամբ դա տեղի է ունենում, սակայն այս գործելաոճը չի կարելի բավարար համարել»,- ասաց մեր զրուցակիցը:

Պարոն Դանիելյանի խոսքերով` այս կենտրոնների աշխատանքներին, բնականաբար, ներգրավված կլինեն համապատասխան հանձնաժողովներ, որոշ մասնագետներ կարծիք կհայտնեն. «Սակայն ամբողջովին թողել գերատեսչական շահերով ղեկավարվող մարդկանց վրա օրենսդրական աշխատանքները, կարծում եմ` սա միշտ հանգեցնում է որոշակի խոցելի իրավիճակների»,- եզրահանգեց «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահը:

Ի դեպ, այս մասին հոկտեմբերի 30-ին անդրադարձավ նաև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` նշելով, որ ներակյումս հարկավոր է ստեղծել անկախ մարմին՝ ՊՈԱԿ-ի կամ գիտակրթական մարմնի տեսքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել