Ավարտվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ Բեռլին կատարած եռօրյա աշխատանքային այցը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գերմանիայի խորհրդարան (Բունդեսթագ), այնուհետ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն՝ հանդիպումներ ունենալով մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը;
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանը հանդիպել է նաև Բեռլինի հայ համայնքի անդամներին՝ պատասխանելով վերջիններիս հուզող բազմաթիվ հարցերի:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար Քրիստոֆ Ստրասսերի հետ: Հանձնակատարը բարձր է գնահատել Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունն ու պատրաստակամություն հայտնել խորացնել երկու գրասենյակների համագործակցությունը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Բեռլին կատարած այցը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Գերմանիայի գործընկերային հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև կխթանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Իրավաբան.net