ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2014-2016 թթ. ծրագրի համաձայն, Երևանում տեղի ունեցան տեղեկատվական ոլորտի խնդիրների շուրջ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ ռուսաստանյան կողմից՝ ՌԴ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ։
Կողմերը անդրադարձան ԱԳՆ-երի տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցերի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:
Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր փոխանակեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների վերաբերյալ։ Կարևորվեց արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման ոլորտում կադրերի պատրաստման հարցում փորձի փոխանակումը:
Խորհրդակցությունների օրակարգում էին նաև տեղեկատվական դաշտում խտրականության և այլատյացության քարոզչության պայքարին առնչվող հարցերը։
Լուսանկարը՝ mfa.am-ի: