Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօրվանից խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Այսօր խորհրդարանում շարունակվեց «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի քննարկումը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր զեկույցից հետո մատնանշված խնդիրները շետկելու ուղղությամբ պետական մարմինների կողմից ոչինչ չի ձեռնարկվում:
«Ասես ապրում ենք, թույլ տվեք ռուսերեն արտահայտվեմ, «День сурка» հայտնի ֆիլմում: Այսինքն` որևէ բան մեկ տարվա ընթացքում չի փոխվել: ՄԻՊ-ը արձանագրել է 2013թ. խնդիրները, սակայն ոչ մի տեղաշարժ»,- ասաց պատգամավորը, իր ասածն ավելի պետկերավոր դարձնելու համար նա մեջբերեց ՄԻՊ 2013թ. զեկույցից մի դրվագ, երբ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել էին ակցիաներից մեկի մասնակիցների իրավունքը, ՄԻՊ-ը առաջարկում էր պատասխանատվության ենթարկել նմանաբնույթ գործողություն իրականացնող ոստիկաններին. «Սակայն 2014թ.-ին մենք տեսնում ենք, որ նորից նույն խնդիրները կրկնվում են, օրինակ` ոստիկանը խոչընդոտել էր լրագրողի գործունեությունը, սակայն ոչ մեկ պատասխանատվության չէր ենթարկվել»,- ասաց պատգամավորը` հավելելով. «Այո, մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետությունում խախտվում են, դրանք խախտվում են ամեն օր, խախտվում են պետական մարմինների կողմից»: