Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Տատյանա Ժդանոկայի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հարցերին, քննարկել 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Նույն օրը Արտակ Զաքարյանը հանդիպել է նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԵՄ պատվիրակության մեկ այլ անդամ Վիլիա Բլինկեվիչուտեի հետ: Պատգամավոր Բլինկեվիչուտենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավորներ Տատյանա Ժդանոկային եւ Վիլիա Բլինկեվիչուտեին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Ռոլանդաս Պակսասի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ինչպես նաեւ 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը` կարեւորելով ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցելու ՀՀ-ի պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավոր Ռոլանդաս Պակսասին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
Լուսանկարը՝ parliament.am-ի: