Էստոնիայի դատական կատարողների պատվիրակությունը շրջայց կատարեց ԴԱՀԿ ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ընդունեց  Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի պատվիրակությանը` պալատի նախագահ Անդրես Հերմետի գլխավորությամբ, ովքեր Հայաստանում են գտնվում Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջագային գիտագործնական համաժողովի շրջանակներում: Տեղեկանում ենք ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքից:
Էստոնիացի գործընկերների հետաքրքրություների շրջանակը ընդգրկում էր ինչպես ծառայության պրակտիկ գործունեությունը, այնպես էլ դրա համար հիմք հանդիսացող օրենսդրական կարգավորումները: Պատվիրակությունը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ուղեկցությամբ շրջայց կատարեցին ծառայությունում` տեղում ծանոթանալով աճուրդի կազմակերպման և գույքի իրացման մեխանիզմներին, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձին: 
Հանդիպման ընթացքում Միհրան Պողոսյանը նշեց, որ ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը  հետաքրքրված է  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում էստոնական փորձով, քանի որ այս առումով Էստոնիան լուրջ առաջընթաց է արձանագրել:
Անդրես Հերմետն իր հերթին տեղեկացրեց, որ  Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատը, համագործակցելով ԵՄ համապատասխան կառույցների հետ, մշակել և պատրաստվում է գործածել հարկադիր կատարողների, պարտապանի, պահանջատիրոջ և այլ կառույցների համատեղ աշխատանքն ապահովող նոր ծրագրային համակարգ: Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց  այդ նորարական լուծումով և նշեց, որ Հայաստանի հարկադիր կատարման ծառայության համար գերակա է տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառմամբ աշխատանքի արդյունավետության  բարձրացումը:
Էստոնական պատվիրակության ղեկավարը վստահեցրեց, որ պատրաստակամ է Հարկադիր կատարման ծառայության  աշխատակիցներին ներկայացնել ծրագիրը և կիսվել դրա մշակման ու ներդրման փորձով:  Ծրագրի պիլոտային տարբերակը կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 15-ին, իսկ  վերջնականը` 2015 թ. մարտին:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ակտիվացնել փոխադարձ այցելությունները և աշխատանքային քննարկումները՝ երկու երկրների հարկադիր գործընկեր կառույցներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձն ուսումնասիրելու համար: Այդ նպատակով Անդրես Հերմետը Միհրան Պողոսյանին հրավիրեց Էստոնիա:
Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 16-ին ՀՀ հարկադիր կատարման ծառայության ու Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր են ստեղծվել, և  այսօր ամրագրվում են իրականացվելիք համատեղ աշխատանքները:

Լուսանկարը՝ harkadir.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել