Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները Հայաստանում են

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀՄԿ փորձագիտական խումբը: Հոկտեմբերի 14-ից սկսվում են ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքները: Պատվիրակության նպատակն է արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մաքսային ծառայության պաշտոնական կայքից:
«Կոլումբոս» ծրագրի առաջին փուլը` դիագնոստիկ առաքելությունը, Հայաստանում իրականացվել է 2009 թվականի հունվարի 19-30-ը, որի ընթացքում ՀՄԿ փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ մաքսային համակարգը` գնահատելով բարեփոխման և կատարելագործման հնարավորությունները: Արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
2009 թվականի հունիսի 15-20-ին` ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, ՀՄԿ փորձագետների աջակցությամբ կազմվել է ՀՀ մաքսային ռազմավարական գործողությունների հստակ ծրագիր: 
Ի դեպ, «Կոլումբոս» ծրագրի շրջանակում կատարված անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ 2012 թվականից Հայաստանն անդամակցում է «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» Կիոտոյի կոնվենցիային:
Նշենք, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը «Կոլումբոս» ծրագիրն իրականացնում է 2006 թվականի հունվարի 1-ից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ պետություններին Համաշխարհային առևտրի անվտանգության և պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային ծառայություններ այս ծրագրի շահառուներ են:

Լուսանկարը՝ customs.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել