Առինջում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը:
Ինչպես Iravaban.net-ը երեկ տեղեկացրել է, հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ամուսինների ուղղությամբ կրակ արձակելուց հետո դիմակավորված անձը մոտեցել է մեքենային և զենքի սպառնալիքով ուղևոր Ն.Ավետիսյանից հափշտակել կանացի պայուսակը և դիմել փախուստի։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:
Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին Աբովյանի քննչական բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: