Կրակոցներ և սպանություն Առինջ գյուղում

Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանությունը, հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ամուսինների ուղղությամբ կրակ արձակելուց հետո դիմակավորված անձը մոտեցել է մեքենային և զենքի սպառնալիքով ուղևոր Ն.Ավետիսյանից հափշտակել կանացի պայուսակը և դիմել փախուստի։ 
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:

Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: 
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ 
Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել