Հայաստանի Հանրապետությունում Մալթայի դեսպանը հանձնեց իր հավատարմագրերը

Հոկտեմբերի 13-ին ՀՀ-ում Մալթայի առաջին դեսպան Պյեռ Կլիվ Ագյուսը (նստավայրը` Վարշավա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

Կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` փոխայցելությունների, քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով: Քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:

Պյեռ Կլիվ Ագյուսը այսօր նաև իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝  երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպան Ագյուսին՝ հայ-մալթական կապերի զարգացմանն ուղղված նրա նախաձեռնություններում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ ավելի քան քսան տարվա ընթացքում, հարաբերությունները և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը դեռևս ցանկալի մակարդակի չեն հասել: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Պյեռ Կլիվ Ագյուսի նշանակմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջընթաց կարձանագրվի:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել