Անձը կդառնա ցուցմունքի զոհը. փաստաբանը դեպոնացման ինստիտուտի մասին

Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի 42-րդ գլուխը առնչվում է մեղադրյալի ցուցմունքի դեպոնացմանը: Փաստաբանական համայնքում այն լուրջ մտահոգություններ է առաջացրել ի սկզբանե:

Փաստաբան Արա Զաքարյանի խոսքերով` ցուցմունքի դեպոնացման ինստիտուտի իմաստն ու նպատակն այն է, որ դատավարության մասնակիցը, խոսքը գնում է` տոժողի կամ վկայի մասին, որը ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով չի  կարողանալու հետագայում ներկայանալ դատարան, ցուցմունք տա, և այն հետագայում օգտագործվի` առանց անձի մասնակցության, բնականաբար այս գործընթացը պետք է իրականացվի մեղադրյալի համար նախատեսված որոշակի երաշխիքների ապահոմամբ:

Ինչ վերաբերում է մեղադրյալի ցուցմունքի դեպոնացմանը, ապա փաստաբանը չի կարծում, որ այս ինստիտուտը որևէ կերպ կարող է նպաստել արդարդատության իրականացմանը, այլ հակառակը. «Դեպոնացման պայմաններում անձը, ով այսպես կոչված ինքնախոստովանական ցուցմունք տվեց, հետագայում դառնալու է այդ ցուցմունիք զոհը: Ուստի ինչ ապացույց էլ ձեռք բերվեն, նա կանգնելու է լուրջ խնդիրների առջև»:

Ավելին` պարոն Զաքարյանը վստահ է, որ լուրջ խնդրի առջև են կանգնելու նաև վարույթ իրականացնող մարմինները` դատախազությունը, քննչական ապարատն ու դատարանը. «Ասածս հիմնավորեմ որոշակի օրինակներով: Պատկերացրեք` անձը ցուցմունք է տալիս այն մասին, որ մեկ հոգու հետ միասին գնացել է, որևէ տարածք մտել և գողություն է կատարել: Ցուցմունքը դեպոնացվեց: Հետագայում գործով ապացույցներ են ձեռք բերվում, որ ոչ թե երկուսով են եղել, այլ չորսով: Հիմա եթե այդ անձը, չորսի անունը տվեց, ո՞ր մեկը պետք է դատարանը հիմք ընդունի: Լուրջ խնդիրներ կան, որովհետև դեպոնացնելով ցուցմունքին տալիս են ավելի բարձր ապացուցողական նշանակություն, այն էլ մեղադրյալի ցուցմունքին, ինչն իմ կարծիքով` ամենևին էլ չի բխում իրավունքից»:

Մեր զրուցակիցը նաև մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ փաստաբանական համայնքի բարձրաձայնած խնդիրներն այդպես էլ ուշադրության չեն արժանանում արդարադատության նախարարության կողմից. «Ցավոք սրտի, փորձը ցույց է տալիս, որ ինչպիսի առաջարկությունններ էլ արվեն, միևնույն է նախագծի հեղինակները միշտ հենց իրենց նախագիծն են առաջ տանում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել