ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ սպանության կասկածանքով ձերբակալված անձի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի Ավլաքիի՝ Հայաստանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ձերբակալվել է առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Ավագյանը։
Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայրից իրազեկում է ստացվել, որ ձերբակալված Ավագյանի թիկունքին, ձախ ուսին, ծնկին կան կարմրավուն հետքեր, իսկ աջ ոտնաթաթի հոդերին՝ վերքեր։
Ստացված իրազեկման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, նշանակվել՝ դատաբժշկական փորձաքննություն։
Նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 19-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քննչական ենթակայության կարգով հետագա ընթացքը լուծելու համար։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: