Ներկայացվեցին ՀՀ ԱԺ պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները

Հոկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստան մեկնած՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամների մամլո ասուլիսը, որի ընթացքում նրանք մանրամասներ են ներկայացրել արդյունքների վերաբերյալ: Հաղորդում է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Վարդան Այվազյանը, Արծվիկ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Բադալյանը եւ Թեւան Պողոսյանը:

Պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով այցը, այն համարել է բեկումնային, քանի որ վերջին տարիներին նկատելիորեն նվազել էին հայ-վրացական համագործակցությունն ու կապերը, ինչի հետեւանքով բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել եւ միջխորհրդարանական, եւ միջպետական հարաբերություններում: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ՝ երկուստեք հնչել են կարեւոր հարցադրումներ, բազմաթիվ հարցերի վերաբերյալ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Հայ եւ վրացի գործընկերները նախատեսել են ակտիվացնել միջխորհրդարանական կապերը խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով եւ հստակ օրակարգով:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի Նախագահի, օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարների, ինչպես նաեւ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա երկրորդի հետ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլիի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը վերընթաց է ապրում, թեեւ երկու երկրներն ընտրել են ինտեգրացիոն տարբեր ուղիներ: Երկու խորհրդարանների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ այդ հանգամանքը չպետք է խոչընդոտի երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների եւ կապերի զարգացմանը. հակառակը, այն պետք է միմյանց համար կամուրջ հանդիսանա եւ համագործակցության նոր հեռանկարներ ստեղծի:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա վրացի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երեւանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական մշակութային արժեքների պահպանության խնդրին, ինչը կարեւորել է նաեւ վրացական կողմը:

Պատվիրակության անդամները կարեւորել են նաեւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցության ուղղություններին եւ տարածաշրջանային խնդիրներին: Վրաստանի Նախագահի հետ հանդիպմանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կապակցությամբ՝ նշելով, որ այն վտանգ է ներկայացնում հարեւան երկրի համար: Նա նկատել է, որ այն հսկա գումարները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան ծախսում են զենք գնելու համար, կարող էին ուղղվել տարածաշրջանում կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչին համամիտ է եղել նաեւ Վրաստանի Նախագահը՝ ողջունելով ԼՂ հակամարտության խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքը:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել