ՀՀ-ում քաղաքացիական գործերի քննության թիվն աճել է. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը Վճռաբեկ Դատարանում

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը սույն թվականի հոկտեմբերի 7-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Քրիստին Մարդիրոսյանը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Տեղեկանում ենք ՀՀ Դատական Համակարգի պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դատական համակարգի կառուցվածքի, ՀՀ դատարանների ծանրաբեռնվածության, դատավորների մասնագիտացման, ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի, դրանից բխող լիազորությունների և մի շարք այլ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման պրակտիկային, վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում դատավորների քրեաիրավական և քաղաքացիաիրավական մասնագիտացումների հարցերին: Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է նաև մասնագիտացված վարչական դատարան: 
Խոսելով դատարանների ծանրաբեռնվածության մասին` պարոն Մկրտումյանը վկայակոչել է ՀՀ դատական դեպարտամենտի կողմից տրամադրված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն` 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում քննվել է 47000 քաղաքացիական գործ, իսկ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ թիվը հասել է արդեն 65.000-ի: Համանման կերպով աճել է քրեական և վարչական գործերի թիվը, այսպես` 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ դատարաններում քննվել է 20.000 քրեական գործ և 25.000 վարչական գործ: 
Գործերի թիվը համադրելով գործող դատավորների թվի հետ` Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է ընկնում 7 դատավոր, ինչը, ի համեմատ այլ երկրների, բավական փոքր թիվ է: 
ԵԽ հանձնակատարին հետաքրքրել է նաև այն հարցը, թե Հայաստանի Հանրապետությունում ավելացել է արդյոք արդարացման դատական ակտերի թիվը: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ եթե 6-7 տարի առաջ Հանրապետությունում եղել է 3 կամ 5 արդարացման դատավճիռ, ապա 2013 թվականին 98 անձի նկատմամբ կայացվել է 86 արդարացման դատական ակտ, իսկ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 98 անձի նկատմամբ կայացվել է 66 արդարացման դատական ակտ: 
Շնորհակալություն հայտնելով պարոն Մուիժնիեկսին այցի համար` Արման Մկրտումյանն ընդգծել է Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների, այդ թվում` Մարդու իրավունքների հանձնակատարի հետ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության փոխգործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ ապագայում այդ փոխգործակցությունն ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել