Ո՞րն է Հովհաննես Մանուկյանի կարծիքով Հայաստանի համար կառավարման լավագույն ձևը

ՀՀ ԱՆ տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ գերատեսչության ղեկավար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 3-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Աղբյուրի փոխանցմամբ` մարզային այցի առաջին կանգառը Գավառի պետական համալսարան էր, որտեղ նախարարը ուսանողներին Վարպետության դաս է տվել: Ուսանողները հարցրել են նախարարին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, դատաիրավական բարեփոխումների, կառավարման ձևի օպտիմալ տարբերակի մասին: Գավառում փոխանակման ծրագրով սովորող իսպանացի ուսանողներից մեկը նշել է, որ եկել է միապետական երկրից և դա իր համար սովորական է:

Նա հետաքրքրվել է, թե որն է նախարարի կարծիքով Հայաստանի համար կառավարման լավագույն ձևը: Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ հակված է պառլամենտական հանրապետության տարբերակին: Ուսանողները հետաքրքրվել են նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմներ ներդնելու հնարավորություններով, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության և օրենսդրության մեջ բարոյահոգեբանական նորմերն ընդգծելու խնդիրներով:

Ուսանողներից մեկը հարցրել է, թե որն է նախարարի հաջողության գաղտնիքը, ինչին նախարարը պատասխանել է, որ երբեք կանգ չի առնում ու երկար չի ուրախանում իր ձեռքբերածով, այլ շարժվում է առաջ՝ դեպի նոր նպատակների իրականացում:

Ուսանողներին հրաժեշտ տալուց հետո նախարարը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Մարզպետարանի դիմաց հավաքվել էին ցուցարարներ: Նախարարն ու Մարզպետը խնդրել են հավաքվածներին իրենց խնդիրները պատվիրակել 10 հոգու, որոնց հետ էլ մարզպետարանում զրուցել են:

Ցուցարարները մարզի բնակիչ փոքր և միջին բիզնես ունեցողներն էին, ովքեր դժգոհել են Շրջանառության հարկին առնչվող օրենսդրական փոփոխությունից: Նրանք իրենց դիմումը հանձնել են մարզպետին ու նախարարին՝ խնդրելով իրենց բողոքը բարձրաձայնել ՀՀ կառավարությունում:

Մարզպետարանում նախարարը հանդիպել է նաև ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու առաջ քաշած հարցերը: Աշխատակիցները հիմնականում բողոքել են շենքային անհարմարություններից:

Հովհաննես Մանուկյանը խոստացել է տեղի իշխանությունների հետ հարցին լուծում տալ: Մարզպետարանում նախարարն ընդունել է նաև քաղաքացիների, ովքեր հիմնականում դժգոհել են սոցիալ-տնտեսական խնդիրներից, ինչպես նաև ունեցել են իրավաբանական խորհրդատվության կարիք: Նախարարն ու մարզպետը խոստացել են իրենց լիազորությունների շրջանակներում օգնել:

Արդարադատության նախարարն այցելել է նաև երկու գյուղական համայնք, հանդիպել գյուղացիների հետ: Մարդկանց ամենաշատ հուզող հարցը եղել է փաստաթղթերի անճշտություններին առնչվող քաշքշուկը, որը հիմնականում առաջանում է ժառանգություն ընդունելու ժամանակ: Ներկաներից մեկը նշել է, որ օրինակ նույն մարդու անունը տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է գրվել, մի տեղ ասենք Վոլոդյա, մի ուրիշ փաստաթղթում՝ Վլադիմիր, ինչի հետևանքով տվյալ մարդը ստիպված մի քանի դուռ է թակել շտկումներ անելու համար:

Նախարարը փարատել է մարդկանց անհանգստությունը՝ նշելով, որ էլեկտրոնային ՔԿԱԳ համակարգը լուծելու է փաստաթղթաշրջանառության և տարբեր դռներ թակելու խնդիրը: Նա նշել է, որ անճշտությունները շտկելու համար դիմելու են մեկ մարմնի և այդ նույն մարմնից էլ ստանալու են իրենց պատասխանը:

Լճաշեն գյուղի բժիշկներն ու ուսուցիչները հետաքրքրվել են իրենց անմիջական աշխատանքը բարելավելուն ուղղված կառավարության առաջնահերթություններով; Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին: և նշել, որ կառավարության անդամների համար շատ կարևոր են մարզային այցերը, որոնք հնարավորություն են տալիս շփվել մարդկանց հետ և տեղում ստանալ իրական պատկեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել