Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալու իրավունքը

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի`

ա) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:

Անաշխատունակ ծնողներ են`

– ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,

-առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը,

– դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը.

բ) առանց մոր մեծացող երեխա.

գ) երկու և ավելի երեխա.

դ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

ե) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ:
Զորակոչիկին տարկետում տրվում է նաև վերջինիս կնոջ` 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության դեպքում:

Եթե քաղաքացին մինչև զորակոչային տարիքի հասնելն առնվազն 5 տարի եղել է որդեգրված, կամ ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ, և կա սույն հոդվածով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին որոշումն ընդունում է պաշտպանության նախարարը` հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարկետում տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչև 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել