116.6 մլրդ դրամ պակասուրդ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով. ՀՀ Կառավարության հերթական նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է այս օրերին փոքր և միջին ձեռնարկատերերին հուզող հարցերին: Պարզաբանմամբ հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը: Ամփոփելով թեման, Հովիկ Աբրահամյանը անհիմն է համարել փոքր և միջին ձեռնարկատերերի անհանգստությունը, քանի որ կառավարությունը մտադրություն չի ունեցել ճնշելու փոքր և միջին բիզնեսը, այլ հակառակը, այս փաթեթով խնդիր է դրել կայացնել և զարգացնել այն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է: Այժմ այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այլ համայնքներում համանման գործունեություն իրականացնող սուբյեկտների համեմատությամբ գործում են հարկման հավասար պայմաններում: Որոշմամբ այդ սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից: Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը, որի համաձայն դեպարտամենտը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Քննչական կոմիտեին ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: Գործադիրը սահմանել է Քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները, Քննչական կոմիտեի ծառայողի՝ լրացուցիչ արձակուրդից օգտվելու իրավունքը: Ընդունված որոշումները կնպաստեն կառույցի ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը:
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ ՊՆ, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների համար 2014թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով նախատեսված դրամական օգնության տեսակների կարգը, չափերը և պայմանները:
Գործադիրը հաստատել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման պետական ծրագիրը, 2014-2020թթ. միջոցառումները:
Քանի որ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին» ս.թ. հունիսի 21-ի ՀՀ օրենքով սահմանվել են կառավարության մի շարք որոշումներով կարգավորվող խնդիրները, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած իր չորս որոշումը:

Նիստում հավանություն է տրվել «Ֆինանսական համահարթեցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների, ևս երկու օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով կհստակեցվի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որն իրավասու է քննել օրենսգրքի 195.1-196-րդ և 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները:
Նիստում հավանություն է ստացել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:
Գործադիրը քննարկել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել բռնությամբ կատարած հանցագործության զոհերին՝ եթե հանցագործություն կատարած անձը չի բացահայտվում կամ նա անհասանելի է ՀՀ իրավապահ մարմինների համար, կամ մահացել է, կամ անվճարունակ է: Կառավարության եզրակացության համաձայն քրեական դատավարության գործող օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է պատճառած վնասի փոխհատուցում, ուստի նախագծերի փաթեթն ընդունելի չէ և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Նիստում քննարկվել է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ:

ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. մայիսի 31-ին ՀՀ կողմից ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների իրականացման պատասխանատու պետական մարմին է նշանակվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
ՀՀ կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել