Ինչո՞ւ չեն հրապարկվում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների անունները

Ինչո՞ւ չեն հրապարկվում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների անունները, արդյոք այսկերպ չե՞ն խախտվում հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքները: Այս հարցի շուրջ Իրավաբան.net-ը զրուցեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի և իրավաբան Արա Ղազարյանի հետ: Հիշեցնենք` այսօր արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ թեկնածության հայտ են ներկայացրել երկու քաղաքացիներ, որոնք չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ նման դեպքում արդարադատության նախարարությունը պետք է հրապարակային աշխատելաոճ որդեգրի. «Որպեսզի նաև հասարակությունը տեղյակ լինի, թե վերջին հաշվով իր ներկայացուցիչը, ով է լինելու Եվրոպական դատարանում»,- ասաց նա:

Իրավաբան Արա Ղազարյանը նույնպես պատրաստվում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթի համար թեկնածության հայտ ներկայացնել: Նա փոխանցեց, որ այս պահին նախապատրաստում է հայտին առնչվող փաստաթղթերը: Խոսելով թեկնածուների անունների հրապարակման հարցից` նա ասաց, որ հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքները չեն խախտվել. «Մրցույթը դեռ չի սկսվել, երբ որ այն սկսվի արդեն կհրապարակեն: Ժամկետը լրանում է սեպտեմբերի 24-ին, ինձ թվում է` կհրապարակվեն դրանից հետո, այստեղ որևէ մի խնդիր չկա»,- ընդգծեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել