Դատավորների գնահատման հանձնաժողովի անդամներն ընտրվեցին

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին կայացավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, որը նախագահում էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը` 1. «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին», 2. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2009 թվականի փետրվարի 19-ի «ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 01Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, 3. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կանոնակարգը սահմանելու մասին, 4. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների կանոնակարգը սահմանելու մասին, 5. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գնահատման հանձնաժողովի անդամների ընտրությունը:

Օրակարգում ընդգրկված առաջին հարցը, այն է` «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Եվրոպական Միության աջակցմամբ մշակված` «ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից», որի շրջանակներում 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-328-Ն հրամանագրով հաստատվել և օրենքով սահմանված կարգով գործողության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը: «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» ծրագիրը կենտրոնացված է հինգ ոլորտներում, որոնց շարքում է անկախ, թափանցիկ և հաշվետու, ինչպես նաև` արդյունավետ և հասանելի արդարադատության համակարգի ձևավորումը: Նշված ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների համատեքստում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 05.09.2014թ. որոշմամբ ընդունվել են Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի նոր, պարզեցված կանոնները, որոնք համապատասխանում են «Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես` էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և անաչառության սկզբունքների մասին» Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 եզրակացության պահանջներին և Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներին:

Օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը, այն է` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2009 թվականի փետրվարի 19-ի «ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 01Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելը պայմանավորված է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգը ՀՀ դատական օրենսգրքում 21.06.2014թ. թիվ ՀՕ-47-Ն օրենքով կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Օրակարգում ընդգրկված երրորդ և չորրորդ հարցերի քննարկման արդյունքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հաստատեց իր` 25.07.2014թ. թիվ 10Ա և 11Ա որոշումներով ձևավորված` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի, ինչպես նաև` էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների գործունեությունը կարգավորող երկու հիմնական փաստաթղթերը:

Օրակարգում ընդգրկված հինգերորդ հարցի շրջանակում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն իրականացրեց ՀՀ դատական օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին, 4.1-րդ, 4.2-րդ և 6-րդ մասերով նախատեսված` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գնահատման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Քվեարկության արդյունքներով հանձնաժողովի անդամներ ընտրվեցին. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը, Նախկին դատավոր Էդուարդ Մանուկյանը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Մեղրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել