Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2014 թվականի սեպտեմբերի քառօրյայի այսօրվա նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվել է պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ՀՀ օրենքի նախագիծը ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»:
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եվ օգտագործման մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունը պայմանավորված է Օրենքի 21-րդ հոդվածը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականին վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես Օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ hանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ, մինչդեռ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը համաձայն հուշարձանների մասնակի կամ ամբողջական տեղափոխումը կարող է իրականացվել միայն մեկ դեպքում, երբ հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այսինքն՝ ներկայիս կարգավորմամբ հստակ սահմանված է չէ այն բացառիկ հանգամանքը, որի առկայության պայմաններում թույլատրվում է իրականացնել հուշարձանի տեղափոխումը, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հուշարձանների տեղափոխում նույնիսկ այն դեպքերում, երբ չկա հուշարձանի պահպանության հրամայական պահանջ: ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:»: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայացված նախագիծը կնպաստի Օրենքի դրույթները Կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցմանը եւ կապահովի առավել հստակ իրավակարգավորման սահմանմանը:
Մանրամասները՝ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում: