ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Եվրոպական միության Բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածության ուսումնասիրությամբ զբաղվող՝PL4SD փորձագետների խմբի հետ:  ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով  նրանց՝ ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունը: Կ. Հարությունյանը նշել է, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացրել է մի շարք կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, ինչպես նաև մշակել է սոցիալական աջակցության փաթեթ՝  բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների համար:
Կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս պետության կողմից ամրագրված  սոցիալական խմբերին օգտվել ուսման վարձի զեղչերից: Ուսման վարձի  զեղչեր են նախատեսված անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների ուսանողների,  բազմազավակ ընտանիքների, սոցիալական կարգավիճակ ունեցող և հաշմանդամ ուսանողների համար: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար բարձրագույն կրթությունն անվճար է, պետությունը մրցութային կարգով փոխհատուցում է նաև բանակից զորացրվածների կրթությունը:
Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ բուհերը պարտավորվել են ուսանողական վարձերից ստացված եկամուտների առնվազն 7 տոկոսը հատկացնել սոցիալապես անապահով ուսանողների վարձերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցմանը: Նշվել է, որ այժմ քննարկվում է ուսման վարձի վերին շեմ սահմանելու մասին  օրինագիծը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել