ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան փաստով

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, ամերիկյան արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ խորապես մտահոգված է տեղի ունեցածի միջադեպի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ և այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը նաև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը միջադեպի վերաբերյալ կատարել խորը և թափանցիկ հետաքննություն, իսկ արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը: Պետքարտուղարությունը նաև կողմերին կոչ է արել հարգելու միջազգային հումանիտար օրենսդրությունը և Կարմիր Խաչին հնարավորություն ընձեռել տեսակցելու հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց` օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Պետրոսյանը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:

Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել սպանության փաստի առթիվ:

Լուսանկարը` galatv.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել