Հարկային տեսուչն ազատվել է աշխատանքից

Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը զուգահեռ Ֆինանսների նախարարությունը խստորեն հետևում է նաև իր աշխատակիցների կողմից օրենքի տառի պահպանմանը՝ անվերապահորեն արձագանքելով խախտման յուրաքանչյուր փաստի:

Օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար, աշխատանքից ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գևորգյանը:

Հարկային տեսուչի գործողություններն առնչվել են պետական մարմնի աշխատանքների վարկաբեկմանը, հարկային ծառայողի անաչառությանը, հասարակության մեջ հարկային ծառայության նկատմամբ համապատասխան վերաբերմունքի ձևավորմանը:

Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է՝ բարեփոխումների գործընթացին խոչընդոտող աշխատակիցներից ձերբազատվելուն ուղղված քայլերը հետևողականորեն շարունակվելու են, քանի որ բարեփոխումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կադրերի գործունեությամբ:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել