Երկաստիճան դատական համակարգին անցնելու դեպքում կկրճատվի մարդկանց անհարկի սպասելու պրակտիկան. Գրիգոր Մուրադյան

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Գրիգոր Մուրադյանը հուլիսի 21-ին այցելել են Իջևան քաղաք:

Գևորգ Դանիելյանի խոսքով՝ միջազգային հանրությունը ներկայում սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել մարդուն, նրա իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: «Հայաստանը նույնպես պետք է համահունչ քայլի միջազգային իրողություններին ու սահմանադրականության զարգացման հիմքեր ստեղծի»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքից` Արդարադատության նախարարության լրատվության բաժնի փոխանցմամբ` Գևորգ Դանիելյանը նշել է, որ նախապատվությունը տրվում է համայնքների խոշորացմանը, սակայն դրա համար պետք է հստակ նպատակներ սահմանել. արհեստականորեն խոշորացնել հնարավոր չէ:  «Այժմ քննարկվում է շրջանային համայնքների վերականգնման տարբերակը, իսկ գյուղական համայնքներն ունենալու են վարչական շրջանի կարգավիճակ, սակայն սա դեռևս հստակ չէ և վերջնական որոշումը պարզ կդառնա հանրային քննարկումների արդյունքում ստացված առաջարկներից հետո»,- տեղեկացրել է բանախոսը:

Գևորգ Դանիելյանը կարևորել է նաև Սահմանադրությամբ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հանրաքվեի ինստիտուտի ներդրման հարցը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, խոսելով կառավարման ձևի փոփոխությունից, նշել է, որ անցում պետք է կատարվի պառլամենտական ձևին, որի պարագայում քաղաքական կոնֆլիկտների ռիսկը կնվազեցվի: «Դատական իշխանության գործունակությունը պետք է բարձրացվի, և Արդարադատության խորհուրդը պետք է դառնա դատավորների անկախության երաշխավորը` որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ»,- ասել է հանձնաժողովի անդամը:

Նա, կարևորելով դատական համակարգի աստիճանակարգության խնդիրը, ընդգծել է, որ երկաստիճան դատական համակարգին անցնելու դեպքում կկրճատվի մարդկանց անհարկի սպասելու պրակտիկան, և մարդն ավելի արագ կսպառի դատական ինստանցիաները:  Ընտրական համակարգից խոսելիս` Գրիգոր Մուրադյանը ներկայացրել է  համամասնական ընտրական համակարգին անցնելու տարբերակը, սակայն դա, ըստ նրա, պետք է լինի ոչ թե կուսակցության լիդերի որոշմամբ ցուցակների կազման տարբերակով, այլ` «փրայմերիզի» (նախնական ընտրություն) սկզբունքով:

Քննարկման ավարտին հարց է բարձրացվել կուսակցությունների և ՀԿ-ների ֆինանսավորման մասին, իշխանության ճյուղերի տարանջատման ու զսպման մեխանիզմների ամրագրման, համայնքների խոշորացման կիրառման սկզբունքների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել