Հայաստանում թույլատրվում է հղիության արհեստական ընդհատում կատարել պտղի մինչև 12 շաբաթական դառնալը: ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ապօրինի աբորտ կատարելու համար:
Մասնավորապես, եթե ապօրինի աբորտ է կատարել համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձը, ապա պատիժ է սահմանվում տուգանք՝ 100.000 դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Իսկ եթե ապօրինի աբորտ կատարել համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձը, ապա պատիժ է սահմանվում տուգանք` 200.000 դրամի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Նույն օրենսգիրքը սահմանում է նաև, որ եթե համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող կամ չունեցող անձն ապօրինի աբորտ կատարելու պատճառով անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ ծանր վնաս է պատճառել նրա առողջությանը, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նշենք, որ այս պահին օրենսդրական նախագիծ է շրջանառվում, որով առաջարկվում է իջեցնել հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը մինչև 10 շաբաթականը: Այդ ժամանակ ուլտրաձայնային հետազոտությամբ երեխայի սեռը հնարավոր չէ որոշել։
Մասնագետները նշում են, որ ինչպես այլ երկրներում, մեզանում ևս սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները երեք հիմնական դրդապատճառ ունեն։ Հայ ընտանիքներում առկա է տղա երեխայի նախապատվությունը որպես օջախի «ծուխը ծխեցնող», ազգանվան շարունակող, ժառանգորդ և այլն։ Մյուս դրդապատճառը երկրում համապատասխան տեխնոլոգիաների հասանելիությունն է, ինչն ապագա ծնողներին թույլ է տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել աղջիկ երեխաներ ունենալուց: Եվ, վերջապես, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ինչը, բնականաբար, նվազեցնում է երկու սեռի երեխա ունենալու հավանականությունը։