Կառավարությունը դեմ է հարկերը խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելն ապաքրեականացնելուն

Կառավարությունը դեմ է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելն ապաքրեականացնելուն: Գործադիրն այսօր քննարկել է ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը:

«Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով (35-40 մլն), կամ չվճարված գումարի եռապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Հաշվի առնելով, որ ըստ նախագծի 2-րդ հոդվածի առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը (20 մլն) գերազանցող գումարը, գտնում ենք, որ նախատեսված պատիժը խիստ անհամաչափ է արարքի վտանգավորությանը: Այդ առումով նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատիժները խիստ անհամաչափ են և չեն բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված պատասխանատվության համաչափության սկզբունքից, ինչպես նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի համար համաչափ պատիժ նշանակելու` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության սկզբունքից, որի համաձայն հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լի-նեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

Հարկերից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը միայն նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի (քսան միլիոն դրամի) չափով՝ արարքը կատարելու համար, չի բխում նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից, առաջարկվող փոփոխության հիմքում չեն դրվում մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև հաշվի չի առնվում նշված փոփոխության հետևանքով ստվերային տնտեսության ծավալների մեծացման ռիսկերը:

Բացի դրանից, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն փաստը, որ Հայաստանի Հանապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է խրախուսական նորմ օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար, որի համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի գործող խմբագրությունը պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես՝ պարզ չէ, թե որն է «հարկերը, տուրքերը կամ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը»: Արդյո՞ք օրեն-դրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները կամ հարկման հիմք հա-դիսացող պարտադիր այլ փաստաթղթերը մեկ անգամ թե՞ երկու և ավելի անգամ չներկայացնելն է համարվում հարկերը, տուրքերը կամ պարտադիր վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել: Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի կիրառելիության շրջանակները հստակեցման կարիք ունեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիան»,- կարծում է Կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել